ԱԺ նախկին պատգամավոր Արտակին երկրորդ անգամ ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա հարցաքննության։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշենք, որ հունիսի 5-ին Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում Սարգսյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանում Արտակ Սարգսյանի և այցելուներից մեկի միջև բանավեճ է եղել, որի ընթացքում գործարարին հարվածել են: Նշվում է, որ ռեստորանում է եղել նաև ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Արտակ Սարգսյանը կանչել է իր թիկնապահներին, որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանները:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Արտակ Սարգսյանը նյութերի նախապատրաստման փուլում ներկայացել է բացատրություն տալու։ Դեպքի առթիվ հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։