Հուլիսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթը կատարող և ծխի պատճառով հարկադրված վայրէջքի դիմած ինքնաթիռում որևէ տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել։ Այս մասին «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությանը տեղեկացրել են Nordwind Airlines ավիաընկերության մամուլի ծառայությունում։
«Տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել, ինքնաթիռը մեկ օր հետո սկսել է կատարել չվերթեր և արդեն թռել է Սոչի, Յակուտսկ, Ֆերգանա և Սիմֆերոպոլ»,- ասել են մամուլի ծառայությունում։
Այնտեղ նշել են, որ օդանավը ամենաերիտասարդն է ավիաընկերության լրակազմում, այն ստացվել է անմիջապես Boeing գործարանից 2018-ի սեպտեմբերին և անթերի տեխնիկական վիճակում է։
«Տարհանման հետևանքով հոսպիտալացվել է երկու ուղևոր՝ աջ սրունքի վնասվածքով և դիաբետով։ Փոխհատուցման հարցը լուծվում է յուրաքանչյուրի դեպքում անհատապես»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ծխի պատճառով Շերեմետևոյից Nordwind Airlines-ի ինքնաթիռի թռիչքի ժամանակ անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան։ Ուղևորների տարհանումը կատարվել էր փչովի տրապի միջոցով։
Իր հերթին, Nordwind Airlines ավիաընկերությունում ասել էին, որ ուղևորների տարհանման պատճառը տարօրինակ հոտն էր ինքնաթիռի սրահում։