Նիդերլանդական Elsevier Weekblad հեղինակավոր շաբաթաթերթը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի մասին, հոդվածը հրատարակվել է շաբաթաթերթի վերջին համարում։
Հոդվածի հեղինակը՝ շաբաթաթերթի միջազգային բաժնի խմբագիր Ռոբերտ Դե Վիտը, Հայաստան է այցելել նախորդ ամիս և Հայաստանից իր ստացած տպավորություննով կիսվել՝ «Հովիկի և Լիլիի հիասքանչ երկիրը. Լավատեսությունը Հայաստանում» վերնագրով հոդվածում։
Ռոբերտ Դե Վիտը ներկայացնում է հոդվածում այն հայերի կյանքն ու առօրյան, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով տարիներ առաջ եկել էին Նիդերլանդներ, սակայն մերժում ստանալով վերդարձել են Հայաստան։
«Թե հոլանդական կառավարությունը, թե հայրենադարձ հայերը գտնում են, որ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է և հետդարձի պարագայում ՀՀ քաղաքացիները կարող են զբաղվել ցանկացած գործունեությամբ»,- նշում է Ռոբերտ Դե Վիտը։
Հոդվածն անդրադարձ է կատարում նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և նրա արդյունքում կյանքի կոչված դրական փոփոխություններին։ Հեղինակը հոդվածում պատմել է Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի մասին՝ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովման և երկրի զարգացման ուղղությամբ։