Ռուս զբոսաշրջիկների այցերի չեղարկումները Վրաստանին կպատճառ
Ռուս զբոսաշրջիկների Վրաստան այցերի չեղարկումը Վրաստանին արդեն մոտ 200 մլն դոլար վնաս է պատճառել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին:
Նա հավելել է նաև, որ ռուսաստանցի այցելուները չեղարկել են ամրագրումների մոտ 60 %:
Հուլիսիի 8-ից ուժի մեջ կմտնի ժամանակավոր արգելք, ըստ որի ռուսական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան:
«Ամրագրումների 40 %, որ արվել էր Ռուսաստանից, ուժի մեջ է մնում և մարդիկ խնդրում են օգնել իրենց հասնել Վրաստան: Ուստի, մենք հիմա աշխատում ենք այլ ուղիներ գտնել, պայմանավորվում ենք մոտակա օդանավակայաններում չարթերային չվերթներ կազմակերպելու համար: Խոսքը Երևանի, Բաքվի և Տրաբզոնի օդանավակայանների մասին է: Դա թույլ կտա թեկուզ ինչ-որ բանով օգնել մեր զբոսաշրջիկներին, որոնք, այնուամենայնիվ, ուզում են գալ Վրաստան»,-ասել է Ալավերդաշվիլին:
Վրաստանում ընթացող ցույցերը դեռ շարունակվում են: Ցուցարարներն ամեն օր հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում և ցրվում են միայն լուսաբացին:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: