Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած մամուլի հաղորդագորությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել զբոսայգում, ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել Մասիսի բնակիչներին՝ ժամանակակից զբոսայգու և մարզահամալիրի բացման կապակցությամբ:
Ֆրանկոֆոնիայի զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:
Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA-ի կողմից իրականացվում են նաև երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը: