Հայաստանի պատմությունը դեռ չի ավարտվել։ Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուղյանը՝ անդրադառնալով երկրում առկա ճգնաժամի հաղթահարման հնարավորություններին։ Նա խոսել է նաև Հայաստանի՝ մշտական անկայուն վիճակից դուրս չեկող պետությունների ցուցակում հայտնվելու հնարավորության մասին։
«Ես հույս ունեմ, որ աշխարհում տնտեսական աճի վերականգնմամբ Հայաստանի համար ևս ինչ-որ բան կփոխվի։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Հայաստանն, անկասկած, շանսեր ունի և դրանք վատը չեն։ Երկիրը լավն է, իսկ բնակչությունը՝ բավականին աշխատասեր։ Հայաստանը գտնվում է Հարավային Եվրոպայում, որը ո՛չ Մերձավոր Արևելք է, ո՛չ Կենտրոնական Ասիա։ Այստեղ սխրանքի տեղ կա և Հայաստանի համար այս առումով պատմությունը դեռ չի ավարտվել։ Այո, ծանր իրավիճակ է, բայց կարելի է հաշվարկել, ինչպես օրինակ՝ նարդիի դեպքում։ Եթե լավ զառ ընկնի, մենք առաջ կգնանք։ Դրան պետք է պատրաստվել», – ասել է նա։
Դերլուղյան նշել է, որ անկայուն իրավիճակն այժմ գլոբալ բնույթ է կրում։
«Նայեք մեր շուրջն աշխարհում, տեսնենք, թե որ երկրները, սկսած ԱՄՆ-ից, շարունակական անկայուն վիճակի մեջ չեն։ Ի ՞նչ է տեղի ունենում Իսրայելի հետ: Թեպետ մի կայուն երկիր կա, ուր երեսուն տարի է՝ ոչինչ տեղի չի ունենում։ Խոսքը Ճապոնիայի մասին է։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, աշխարհում հիմա ինչ-որ սառցե շրջան է», – ասել է նա։
Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը կախված կլինի հենց հայերից և պետք չէ նայել ինչ-որ արտաքին ուժերի կողմը․ «Եկեք մտածենք, թե ինչպես ձևավորել արդյունավետ պետություն հենց երկրի ներսում»։
Գեորգի Դերլուղյանը նաև հույս հայտնեց, որ ճգնաժամը հաղթահարելու համար Սփյուռքի ներուժի ներգրավման հեռանկարն իրատեսական է:
«Մեր Սփյուռքի հայրենակիցները տարբեր են, բայց այժմ այնպիսի ծանր ցնցումներ են եղել, երկիրն այնպիսի ցնցումների առաջ է, որ պետք է մոբիլիզացնել Սփյուռքի ներուժը։ Պետք է օգտագործել Հայաստանի պատմության այս ծանր պահը ՝ Սփյուռքը մոբիլիզացնելու համար»,-ասաց նա։
Նա խոսել է նաև վերաբնակեցման հնարավորության մասին։
«Մեծ հոսք կա Ասիայից դեպի Եվրոպա և Հայաստանն այդ մեծ վերաբնակեցման ճանապարհին է։ Մարդիկ կգան Քրդստանից, Աֆղանստանից։ Աշխարհում շատ տեղեր կան, որտեղ ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի վատ են ապրում։ Փողոցներում արդեն նկատելի են այդ մարդիկ։ Սա Հայաստանի ապագայի տարբերակներից մեկն է», – նշեց նա։
Դերլուղյանն ընդգծել է, որ Սփյուռքը պատմական հայրենիքում չպետք է լինի զբոսաշրջիկ, որն իր գրպանից փոքր գումարներ է տրամադրում:
«Ներդրումներ են պետք։ Ամեն ինչ կփոխվի Հայաստանում, եթե հաջողվի ներգրավել մի քանի միլիարդ դոլար։ Եթե անվտանգություն, լավ օդանավակայաններ, դպրոցներ լինեն Հայաստան կտեղափոխվեն ապրելու։ Դպրոցներ, որտեղ երեխաները կարող են քայլել և հետո ընդունվել, օրինակ Հարվարդ։ Արդեն կան նման դպրոցներ, բայց դրանք պետք է շատ լինեն, հանուն որոնց կարող են մարդիկ գալ Հայաստան։ Պետք են միլիարդավոր գումարներ, որոնք պետք է բավական խելամիտ տնօրինել, որպեսզի Հայաստանում մեծ թվով մարդիկ աշխատանքով ապահովվեն։ Հետո պետք է վերականգնել բանակը, ռազմարդյունաբերական համալիրը։ Այս հարցում Սփյուռքի դերը կարող է շատ մեծ լինել», – նշեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար չպետք է միայն ռազմական պլացդարմ լինի, ինչպես աղյուսը, որը խցկվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որպեսզի Ռուսաստանի համար դուռը չփակվի։
«Հայաստանը պետք է մոբիլիզացնի Սփյուռքին, որ մասնագետներ ներգրավելու համար հարմարավետ պայմաններ ստեղծի։ Հայաստանն ունի ներուժ և պետք է օգտագործել այն։ Միևնույն ժամանակ՝ պետք է գնալ ժողովրդավարական ճանապարհով», – ընդգծել է նա։
Գեորգի Դերլուգյանը միջազգային փորձագետ է, ռուս-ամերիկյան սոցիոլոգ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու:
Մանրամասները՝ տեսանյութում․