«Ա1+» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններն էլ հրաժարվել են մասնակցել մայրաքաղաքային հեռարձակման մրցույթին` չնայած բավարար միավորներ են հավաքել համապատասխան լիցենզիան ստանալու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Միակ պատճառը, որի համար «Ա1+»-ը հեռարձակման լիցենզիա չստացավ, այն էր, որ հանրապետական սլոթի համար ծրագիրը թույլ էր: Նույն պատճառով արտոնագիր չեն ստացել նաև «Արտ» և «Լոռի» տարածաշրջանային հեռուստաալիքները, այսինքն, դրանք պակաս մրցունակ էին, քան մյուս հեռարձակողները»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ որևէ մեկը քաղաքական պատվեր չի կատարել, ինչում իրենց մեղադրում են:
Ըստ նոր օրենքի, ինչպես Հակոբյանը ներկայացրեց, պահանջները փոխվել են, և շաբաթվա ընթացքում բոլոր հեռուստաալիքների եթերի 20 տոկոսը պետք է ապահովի կրթական, մշակութային, մարզական եւ մանկական կոնտենտ:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հանրապետական հեռարձակման մուլտիպլեքսում սլոթների լիցենզավորման մրցույթում հաղթող են ճանաչվել «ԱրմենիաTV» ընկերությունը, «Հուսաբեր» («Երկիր մեդիա») ՓԲԸ-ն, «Շանթ» ԲԲԸ-ն, «ATV» ԲԲԸ-ն, «Մուլտիմեդիա կենտրոն TV» ԲԲԸ-ն: