Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք օպերային պարահանդեսին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Նա տեղեկացրել է, որ Մանթաշյանը կկատարի Տատյանայի արիան` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
Պապյանի խոսքով՝ բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը:
«Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»,-նշել է երգչուհին:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են` առանձնակի շնորհակալություն հայտնելով Նարինե Աբգարյանին՝ ընդգծելով, որ հաղթեցինք և հաղթելու ենք: