Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում բացվել է գյումրեցի նկարիչ Ժակլին Սարգսյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին և կգործի 3 շաբաթ:
«Արցախ. մեր բաժին երազը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունն իր ներկայությամբ պատվել էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ներկա էին նաև պետական պաշտոնյաներ, մտավորականներ և արվեստասերներ:
Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի տնօրենը Armenia today-ի հետ զրույցում նշել է, որ նկարչուհու ցուցահանդեսը կազմակերպվել է ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ: Լուսինե Գասպարյանը նաև ավելացրել է, որ Ժակլինը մինչ ցուցահանդեսը թանգարանին է նվիրել «Արցախ» անունով իր մեծածավալ կտավը:
Իսկ միջոցառման ընթացքում Ժակլինը «Գյումրի» կոչվող կտավ է նվիրել Պարգև Սրբազանին: Վերջինս էլ այն փոխանցել է Շուշիի Կերպարվեստի Թանգարանին: