Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում բացվել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնին։
Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել: Միջոցառմանը ելույթ է ունեցել Պոլսի պատրիարքի տեղապահ Սահակ Սրբազանը:
Սահակ Մաշալյանը նշել է, որ այս ցուցահանդեսը հայ և թուրք ժողովուրդների միջև դժվարությունները հաղթահարելու կարևոր մշակութային նախաձեռնություն է, ինչպես նաև բարի կամքի վրա հիմնված կամուրջ է։
Մաշալյանի խոսքով` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է խաղաղության օրրան դառնալ և շատ առանձնահատուկ ներուժ ունի այն իրականացնելու համար:
Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների հեղինակը թուրք լուսանկարիչ Իզզեթ Քերիբարին է։ Ցուցահանդես ներկայացված են ընդհանուր առմամբ 88 լուսանկարներ:
Հիշեցնենք, որ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: