Հոկտեմբերի 27-29-ը Արցախում է գտնվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը՝ կրթամշակութային հատուկ ծրագրով: Երգչախումբը Գանձասարում, Շուշիում, Ստեփանակերտում դպրոցականների, ուսուցիչների, բնակիչների մասնակցությամբ շարականների ուսուցում, ժամերգություն է իրականացնում տաճարներում, կոմիտասյան, թումանյանական ազգային-ծիսական երգ-պարի, բառ ու բանի ուսուցում, տոնախմբություն՝ հրապարակներում: Ազգային-ծիսական երգուպարով հոկտեմբերի 28-ին տոնախմբություն է կատարվել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն Armenia today-ի հետ զրույցում նշել է, որ 30-ամյա կրթահամալիրի կողմից նախաձեռնված շրջայցը նվիրված է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակներին:
«Երգչախմբով Արցախ էինք այցելել 6 տարի առաջ: Մեր մշակութային, համերգային կյանքում շատ կարևոր պատուհան են այս այցերը: Մեկս մյուսին ոգեշնչելու, ուժ տալու կարևոր խնդիր ունենք, որի առաքելությունն իր վրա է վերցրել երգչախումբը»,- ասել է Հարություն Թոփիկյանը՝ ավելացնելով, որ Կոմիտասի 150-ամյակին Երևանի կամերային երգչախումբն իր ղեկավարությամբ արդեն հանդես է եկել Արցախում: