ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան, հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) հանդիսավոր բացման համերգին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ունկնդրել է 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները։ Հնչել են հանրահայտ հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և մյուսների ստեղծագործությունները:
Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նվագախմբի հետ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող դիջեյ Արմին վան Բյուրենը:
Նվագախումբը համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նաև կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից հայ հոգևոր երաժշտության վերլուծության հիման վրա ստեղծված նոր հայկական շարական. ստեղծագործությունն արհեստական բանականության կողմից իրական ժամանակում ներկայացվել է նվագախմբին և կատարվել երաժիշտների կողմից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը։ WCIT-ին ՏՏ ոլորտի համաշխարհային խոշորագույն իրադարձությունն է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Երևանյան համաժողովին մասնակցելու են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի աստղեր: