Շուշիում ավարտին են մոտենում Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը:
Այն կառուցվել է 1864-1865թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ, և անվանակոչվել վերջինիս անունով:
Վերականգնման ծրագրի մեկնարկը տրվել է 2014թ. «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի կողմից, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի` Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Նախագծի արդյունքում ամբողջովին վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը, բարեկարգվել հարակից տարածքը:
Վերականգնման աշխատանքներին ներգրավվել են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպություններ` լավագույն արդյունք ապահովելու համար: Այս տեսանկյունից կարևորվում է հատկապես իրանական գործընկերների հետ համագործակցությունը:
Ավարտական աշխատանքներին նվիրված միջոցառումը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 14-ին Շուշիում: