«Սեր. անկարող եմ նրան հաղթել
Այն նորից կտանի մեզ վեր
Չափից ավել…». Սևակ Խանաղյանի այս նոր երգի տողերի հեղինակ Աննա Դանիելյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ դեռ «Դեպի Եվրատեսիլ» և «Հայաստանի ձայնը» նախագծերից: Ինչպես հարցազրույցի ընթացքում պատմեց Աննան, հենց այդ նախագծերի շնորհիվ է վաստակել «հեռուստացույցի մեջի էն աղջիկը», «դեմքդ որտեղի՞ց է ծանոթ» ու նման այլ «տիտղոսներ», նաև մեծ փորձ ու շատ ընկերներ:
«Հայաստանի ձայնում» Աննան Սևակի թիմից էր, երգչի հետ սկսել են համագործակցել այդ ժամանակվանից սկսած. «Մի քանի երգ գրեցի նրա` վերջերս լույս տեսած «Օվկիանոսը քո մեջ» ռուսերեն ալբոմի համար: Ընդհանուր առմամբ, Սևակի հետ աշխատելը բավականին հեշտ է, քանի որ իրար լավ ենք հասկանում: Երբ ազատ ժամանակ է լինում, ինքն ուղարկում է մտքին եկած երաժշտությունը, ես ավելացնում եմ բառեր»:
Չնայած երիտասարդ երգչուհին (թեև նա նախընտրում է «հեղինակ-էնտուզիաստ» տարբերակը) հայերեն երգեր հաճախ է գրում, այնուամենայնիվ հրապարակված կա դեռ երկու հայերեն երգ՝ երկուսն էլ Սևակ Խանաղյանի կատարմամբ («Սեր», «Քամի»): Ասում է՝ անգլերենով ու ռուսերենով գրելն իր համար ավելի հեշտ է. «Հատկապես հաշվի առնելով, որ շրջապատիս մարդիկ լսում են այդ օտարալեզու երգերն ու անգամ չեն կասկածում, որ երգի մեղավորներն իրենք են: Հայերենով ամեն բան պարզ կլիներ»:
Աննան վերջերս կրկին հիանալի արդյունք է գրանցել երգի ասպարեզում. գործընկերոջ հետ միասին մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Vahe&Lucie ամենամյա մրցութին՝ ներկայացնելով Make me your guard հեղինակային երգը, և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Անկեղծանում է՝ իր երգերը միշտ ունեն հասցեատեր: Ստեղծագործելու համար էլ ի սկզբանե պատճառ է հանդիսացել իր ինքնամփոփությունը. «Երբեմն դժվարանում եմ մարդկանց դեմքին ասել այն, ինչ զգում եմ: Արդյունքում յուրաքանչյուր սիրահարվել, կռվել, բաժանվել արտահայտվում է երգի, պատմվածքի կամ ցանկացած այլ տիպի գրառման տեսքով: Որքան ծանր զգացում, այդքան արագ ու հեշտ գրվող երգ»:
Իր մյուս հեղինակային She means nothing երգն, ասում է, արագ գրվեց ու նույն պահին էլ հրապարակվեց, ինչի համար մինչ օրս մի փոքր զղջում է: Ցանկություն կա այն նորից ավելի լավ որակով ձայնագրելու: Ներկայումս հեղինակ-էնտուզիաստ Աննան ասպարեզում շատ մեծ ակտիվություն չի ցուցաբերում, իսկ թե ինչու, հիշում է հայտնի ասացվածքը.«Եթե երգիչը լռում է, ուրեմն կա՛մ ծրագրավորող է դարձել կա՛մ ալբոմ է գրում»:
« Ծրագրավորման շուկայում դժվար մրցակցությանը դիմանամ, ուստի մեկուկես տարի է, ինչ գործընկերոջս՝ Գագո Հարությունյանի հետ ալտերնատիվ ոճի ալբոմ ենք գրում: Այժմ մոտ տասը երգ ունենք, որոնցից ընտրություն ենք կատարում: Միայն Make me your guard երգը որոշեցինք որպես սինգլ հրապարակել, որպեսզի որոշակի արձագանք ստանանք ունկնդիրներից: Արձագանքն ավելին էր, քան լավը»:
Ալբոմի երգերը կսկսեն հրապարակել հատվածաբար: Նոր երգն էլ, ինչպես նշում է երիտասարդ արտիստը, կթողարկեն հոկտեմբերի երկրորդ կեսին: Առաջիկայում պատրաստվում է գտնել լավ ուսուցիչ ու լրացնել երաժշտական կրթության պակասը: Իսկ թե ինչ է լսում Աննան, ասում է՝ ամեն ինչ. ռուսական փոփից մինչև սիրելի ֆիլմերի սաունդթրեքներ: Ու բազմաթիվ կիսատ-պռատ գրված երգեր, որոնք, խոստովանում է, դժվար էլ երբևէ հրապարակվեն:
Հեղինակ՝ Կոստանյան Աննա