Պատմական Հայաստանի արևմտյան նահանգները բացառություն չեն և, բացի հարուստ պատմություն ունենալուց, հիանալի խոհարարական բաղադրատոմսեր են տվել աշխարհին։ Այդ բաղադրատոմսերը ոչ միայն համեղ են, այլև ունեն շատ հետաքրքիր պատմություն։ Ինչպես գիտենք, հայկական հարուստ ծիսատոնական իրադարձությունների ընթացքում մատուցվել են համեղ և հետաքրքիր ուտեստներ, որոնց մատուցումը ուղեկցվել է ավանդական երգ ու պարով։ Ահա այդպիսի ծիսատոնական բնույթ կրող ուտեստներից է Զատկի տոներին պատրաստվող քաղցր ապուրը, որը կոչվում է «Անուշապուր»։
Մեղրի մեջ պատրաստված ձավարին կամ աշուրացու ցորենին ավելացվում են չրեր և ընկուզեղեն։ Մեղրի փոխարեն կարելի է օգտագործել նաև դոշաբ։ Այս քաղցր ուտեստի բաղադրատոմսը գալիս է դեռևս հին ժամանակներից, երբ նմանատիպ բաղադրիչներով ուտեստներ էին պատրաստում նվիրաբերական տոների կամ ծեսերի ժամանակ։ Մարդիկ հյուրասիրում էին իրար՝ ի նշան բարեհաճության և բարեկամության։
Ահա ձեզ հետաքրքիր և հայկական ծագում ունեցող բաղադրատոմս։ Բարի ախորժակ։