Երգչուհի Շակիրան կարող է մեղադրյալի աթոռին հայտնվել Իսպանիայում եկամտահարկի և կորպորատիվ հարկերի վճարումից խուսափելու պատճառով։ Այդ գումարը, ընդհանուր առմամբ, կազմում է 14,5 մլն եվրո: Այս մասին հայտնել է El País-ը։
Հետաքննությունը տևել է երեք տարի։ Արդյունքում՝ դատավորը որոշել է, որ դատարանի առաջ կանգնելու բավարար հիմքեր կան։ Երգչուհին կարող է խուսափել դատաքննությունից միայն այն դեպքում, եթե գործարքի մեջ մտնի մեղադրող կողմի հետ։ Դատախազությունը Շակիրային մեղադրում է վեց ֆինանսական հանցագործության մեջ։ Եթե երգչուհուն մեղավոր ճանաչեն, նրան կարող են ազատազրկել։
«Շակիրան Իսպանիայում 2012, 2013 և 2014 թվականներին հարկեր չի վճարել»,- հայտարարել են դատարանում: Իշխանությունները կարծում են, որ 2011-ից Շակիրան ապրում է Բարսելոնայում իր ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ։ Երգչուհին պնդում է, որ այս տարիներին ապրել է Բահամներում, իսկ Իսպանիա այցելել է հազվադեպ։