Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձոր քաղաքում 7-րդ անգամ կանցկացվի Լեոնիդ Ենգիբարովի մնջախաղի միջազգային փառատոնը, որին այս տարի կմասնակցեն 7 երկրներ ՝ Ֆրանսիա, Ճապոնիա, Ռուսաստան, Լեհաստան, Իրան, Արգենտինա և Հայաստան:
Ինչպես նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, փառատոնը ներառում է ոչ միայն բեմական, այլև փողոցային ներկայացումներ երեխաների համար: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր:
Դադասյանը նշեց, որ փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեն այն ընդլայնել և ներգրավել Հայաստանի տարբեր մարզեր, որպեսզի հնարավորինս շատ հանդիսատես ունենան փառատոնի ժամանակ: Նա շեշտեց, որ ամեն տարի մեծանում է հանդիսատեսի հետաքրքրությունը փառատոնի և մնջախաղի նկատմամբ:
Ըստ Դադասյանի, փառատոնի գլխավոր մրցանակը կլինի Լեոնիդ Ենգիբարովի ոսկե մեդալը, որը կստանան փառատոնի բոլոր մասնակիցները: Նա նաև հայտնեց, որ յուրաքանչյուր փառատոն յուրահատուկ է իր մասնակիցների շնորհիվ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն, իր հերթին, նշել է, որ փառատոնի անցկացումը, առաջին հերթին, աջակցում է մնջախաղի զարգանալուն որպես արվեստի ճյուղ: