Հունոտի կիրճ կամ ինչպես արցախցիներն են ասում «Զոնտիկներ»: Այստեղ դժվար է հասկանալ, թե որտեղ է ավարտվում բնության կերտածն ու սկսվում մարդու հորինածը: Բնության անձեռակերտ այս կտավները տարվա բոլոր եղանակներին, համարձակ մարտահրավեր են նետում ժամանակին: Միգուցե անգամ ծաղրում խորհրդավոր մի հանդարտությամբ: Հունոտի կիրճում ամեն ինչ միահյուսված է մի առանձնահատուկ բծախնդրությամբ: Սա մարդու և բնության ներդաշնակ արարչագործության մի յուրօրինակ սիմֆոնիա է և Արցախի գեղատեսիլ ու պատմական նշանավոր անկյուններից մեկը: Այստեղ հրաշքն ու առօրյան ապրում են կողք կողքի:
18-20-րդ դարերում Հունոտի կիրճի տարածքը բնակեցված էր: 1895թ. տվյալներով Հունոտ գյուղում բնակվում էր 19 ընտանիք 130 բնակչությամբ:
Հունոտի կիրճ պետական բնապատմական արգելոցը տարեցտարի լայն ճանաչում է ձեռք բերում: Հատկապես ամառային ամիսներին, այստեղ մարդաշատ է: Արգելոցը դարձել է Արցախի զբոսաշրջային ներուժի կարևոր մաս: Այն աչքի է ընկնում բնական ու պատմական ուշագրավ հուշարձաններով, որոնց թիվն անցնում է մի քանի տասնյակից՝ քարանձավներ, ջրաղացներ, հին կամուրջներ, հովանոցաձև ջրաշիթային ջրվեժն իրենց եզակի բնական կառուցվածքներով գայթակղում են արգելոց այցելողներին:
Բնական ու կենդանական միջավայրը, պատմահնագիտական ու ճարտարապետական մի շարք շինությունները, որոնք մեզ են հասել դեռևս վաղնջական ժամանակներից, ընդհուպ, մինչև 20-րդ դարի կեսերը, հանդիսանում են կամուրջ անցյալի և ներկայի միջև:
Այն ճանաչված ու սիրելի վայր է դարձել, որ միայն տեղացիների, այլև օտարերկրացիների համար: