Հովհաննես Այվազովսկին (Հովհաննես Կոնստանտինի Այվազյան) ծնվել է 1817թ. հուլիսի 29(17)-ին Թեոդոսիա քաղաքում աղքատ հայ ընտանիքում։ Այվազովսկին եղել է Ռուսական կայսրությունում հանճարեղ նկարիչ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ:
Այվազովսկին սովորել է Սիմֆերոպոլի քաղաքի գիմնազիայում, իսկ հետագայում Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, որը տաղանդավոր նկարիչն ավարտել է ոսկե մեդալով։ Ակադեմիան ավարտելուց հետո երիտասարդ նկարիչը եղել է Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ամերիկայում։
Այվազովսկու կտավների թիվն անցնում է 6000-ը, իսկ ծովանկարչի կենդանության օրոք կազմակերպվել է կտավների շուրջ 120 ցուցահանդես։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։
1847 թ․ Այվազովսկին դարձել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, եղել է նաև եվրոպական մի քանի ակադեմիաներում։
Այվազովսկին մի քանի նկարներ է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարներն այժմ պահվում են թուրքական թանգարաններում։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն 1890-ական թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցան հայերի կոտորածներից հետո Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Տաղանդավոր ծովանկարիչն աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։
Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլվել է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում:
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Այվազովսկին հայտնի է նաև որպես մեծ բարերար։ Նկարչի ժողովրդականությունը նրան մեծ կապիտալ է բերել և նա մեծահոգաբար այն օգտագործել է բարեգործական նպատակներով:
Այվազովսկու բարերարությամբ կառուցվել է Թեոդոսիայի հնագիտական թանգարանի շենքը, մեծ թվով աշխատանքներ են կատարվել քաղաքի բարեկարգման ուղղությամբ։
Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ․ մայիսի 2-ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Իր կտակի համաձայն՝ նրան թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս միջնադարյան հայկական եկեղեցու բակում։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» խոսքերը։