Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել Ռուսաստանի ճարտարապետների և նկարիչների միության անդամ, մի շարք ճարտարապետական և մոնումենտալ նախագծերի հեղինակ, արվեստագետ Աշոտ Տաթևոսյանի «ճամփորդական նոթեր» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էր արվեստագետի վերջին տարիների ընթացքում կերտված գրաֆիկական աշխատանքների մի ամբողջ շարք:
Նշենք, որ արվեստագետը տարիներ շարունակ համագործակցում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ, այցելում է հիվանդ երեխաներին, կազմակերպում է վարպետաց և արտ- թերապիայի դասեր։
Այս ցուցահանդեսը նույնպես չէր տարբերվում վաղուց արդեն որդեգրված զկզբունքից և հավաքված ողջ հասույթը պետք է տրամադրվի հիմնադրամին։
Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեն ձեռք բերել բացիկներ` երեխաների ստեղծագործություններով:
Հիշեցնենք, որ Աշոտ Տաթևոսյանի «ճամփորդական նոթեր» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպված է Ռուսական արվեստի թանգարանի և «Ազգային արժեք» Մշակույթի Համահայկական հիմնադրամի կողմից : Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, ժամը 12:00 -ին, արվեստագետը հրավիրում է նաև ներկա գտնվել իր կողմից նախաձեռնված վարպետաց դասին, որը նույնպես տեղի կունենա Ռուսական արվեստի թանգարանում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 10-ը:
Մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործությունները և ճարտարապետական նախագծերը իրագործված են ՀՀ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Իրաքում, Ուկրաինայում, Ղազախստանում և այլուր:
Ստղծագործությունները պահվում են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության պատկերասրահներում, թանգարաններում, մշակութային ֆոնդերում և Հայ Առաքելական եկեղեցու թանգարանում:
Աշոտ Տաթևոսյանը 1994 թ. ից առ այսօր ապրում և ստեղծագործում է Մոսկվայում և Երևանում:
ՀՀ և ՌԴ ճարտարապետների միության, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Լիտվայի նկարիչների միության անդամ Է: