Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրի վրա (Հրազդան քաղաքի մոտ) տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար, ինչի հետևանքով որոշակի խոչընդոտներ են առաջացել երթևեկության համար։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չեն հաղորդել:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք երթևեկել` պահպանելով երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: