Հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են,վիրավորների ինքնությունը․ նրանք են՝ Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածքից։
Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի Կարենի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։