Երեւանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբը՝ անկախ մարմին, որը այսուհետ պարբերաբար կքննարկի հայրենի ֆուտբոլում բոլոր կարեւորագույն իրադարձությունները, կտա փորձագիտական գնահատականներ: Այս նորաստեղծ կառույցը, որն ստեղծվել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի (ԱԹԱ) ներքո, առաջին հադիպումն անցկացրեց «Առագաստ» սրճարանում՝ «Ավերս» ընկերության տնօրեն Կարո Շահբազյանի հովանավորությամբ եւ «Կիլիկիա» ՓԲԸ աջակցությամբ:
Ֆուտբոլային գիտակների ակումբում ընդգրկված են «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը, «Կենտրոն» ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը, «Ռադիո Վան»-ի հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը), «Երկիր մեդիա» ՀԸ մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, «Գոլոս Արմենիի» թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, «Շանթ» ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը եւ ԱԹԱ-ի նախագահ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Տիգրան Հովհաննիսյանը, որն էլ հանդիսացել է այս նախաձեռնության հեղինակը:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական ֆուտբոլային ակումբները, որ ավելի հաջող հանդես գան եվրոգավաթներում եւ վերջապես դուրս գան խմբային փուլ, ի՞նչն է խանգարում ավելի հաջող ելույթների համար, ո՞րն է հայկական ակումբների վատ ելույթների պատճառը եւ ո՞րն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի հաջող ելույթների գրավականը․ սրանք էին առաջին քննարկման հարցերը: