Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով կարող է ավարտել կարիերան։ Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Ծանր վնասվածք եմ ստացել, որը կարող է վերջակետ դնել իմ ֆուտբոլային կարիերային:
Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել և սպասում եմ բժիշկների ախտորոշմանը: Եթե հաստատվեն իմ կասկածները, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի…
Բոլոր դեպքերում առաջ ենք նայում շատ ու շատ այլ ուղղություններով։
հ.գ. Սա իմ առաջին և հնարավոր է՝ վերջին ծանր վնասվածքն է»,- գրել է Պաչաջյանը։
Մեկ այլ գրառմամբ էլ ֆուտբոլիստը խոստացել է «մի օր պատմել, թե ինչ զգացողություն է, երբ աքիլլեսյան գարշապարի ջիլը կտրվում է…»։
Պաչաջյանը վերջերս հայտարարել էր շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին՝ այնտեղ 4 տարի անցկացնելուց հետո։ Հայ ֆուտբոլիստը, որը վերջերս նշանակվեց Եվրոպայում ՀՖՖ-ի դեսպան, ընդգծել էր, որ շուտով նոր թիմ կտեղափոխվի։