Այսօր՝ մայիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ աշխարհահռչակ ռեկորդակիր Աշոտ Խանոյանի նոր ռեկորդի սահմանման միջոցառումը` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին: Խոնարհվելով քաջարի մարտիկների անմահ գործի առաջ, Ա. Խանոյանը հանձն առավ ատամներով քաշել 35 ամենագնաց մեքենա` ուղևորներով հանդերձ: Աշոտ Խանոյանը ճանաչում ունի ոչ միայն իր ծննդավայր Ջավախքում, այլև ամբողջ Վրաստանում, ՌԴ-ում, Հայաստանում, Արցախում: Մանկուց ունենալով ծանրություն բարձրացնելու հակում, դրա հետ մեկտեղ նաև պինդ ատամներ, 2012 թվականից նա սկսել է ռեկորդներ սահմանել:
Վեց անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել, սա կլինի յոթերորդը: Մարզիկը նշանաբան ունի` հայ ազգը որքան էլ որ կոտորվի, երբեք չի կոտրվի ու ծնկի չի գա: Իր այդ նշանաբանով նա առաջ է գնում` միշտ բարձր ոգով ու հավատով: Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Մկրտչյանն իր օրհնությունը բերեց մարզիկի նախաձեռնությանը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դ. Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Եվ ահա բավականին մեծ ճիգեր գործադրելով, Ա. Խանոյանը կարողացավ ատամներով քաշել 35 ամենագնաց մեքենա, որոնք պարաններով իրար հետ կապված էին`արժանանալով ներկաների հիացական ծափողջույններին: