Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ից հեռանալու հրաժեշտի ասուլիսի ժամանակ չի բացառել ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։ Նա նշել է, որ այդ ակումբ տեղափոխվելը հնարավոր տարբերակ է կարիերան շարունակելու տեսանկյունից։
«Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին։ Ակումբը չի կարողացել նոր պայմանագիր կնքել 34-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել են, որ Մեսսին այսօր կմեկնի Փարիզ ՝ ՊՍԺ-ում բուժզննում անցնելու համար:
«Ես դեռ ոչինչ չեմ ստորագրել։ ՊՍԺ-ը տարբերակներից մեկն է։ Պաշտոնական հայտարարությունից հետո ինձ հետ կապվել են բազմաթիվ ակումբներ։ Ես մի քիչ ընկճված եմ, չգիտեմ ինչ ասեմ, ես մինչև հիմա չեմ համակերպվել այն իրողության հետ, որ կհեռանամ այդ ակումբից և ամբողջությամբ կփոխեմ իմ կյանքը»,-ասել է Մեսսին ու արտասվել ասուլիսի ժամանակ։