Chess.com սերվերում ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող առցանց օլիմպիադայում մեկնարկել է Շախմատի Հայաստանի հավաքականը:
ra.am-ի փոխանցմամբ՝ ինչպես և նախորդ տարի, հայկական թիմը խաղում է բարձրագույն խմբում: Մեկ փուլով անցկացվող մրցաշարի արդյունքներով՝ յուրաքանչյուր ենթախմբից երկու լավագույն թիմերը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակչում: Փլեյ-օֆֆ փուլը կկայանա սեպտեմբերի 13-15-ին:
Երեք խաղափուլից հետո մեր թիմը 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը «A» խմբում: Հայ շախմատիստները ոչ-ոքի են խաղացել Հունաստանի հետ (3: 3), պարտվել են Իրանին (2: 4) և հաղթել Վրաստանին (3.5: 2.5):
Չինաստանի և Ղազախստանի հավաքականները 6 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Իրանն ունի 5, Հունաստանը` 4, Ռումինիան և Ինդոնեզիան` 2 -ական, Վրաստանը և Մոնղոլիան՝ 1-ական, Ավստրալիան` 0 միավոր:
Յուրաքանչյուր խաղի համար թիմը կարող է մուտքագրել վեց խաղացող, այդ թվում՝ առնվազն 2 կին, 20-ամյա մեկ տղա և մեկ աղջիկ: Յուրաքանչյուր քայլի համար հատկացված է 15 րոպե՝ գումարած 5 վայրկյան։
Հայաստանից անցած խաղերում հանդես էին գալիս Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Արամ Հակոբյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը:
Շախմատի առցանց օլիմպիադան անցկացվում է անցյալ տարվանից: 2020 թվականին Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչի փուլում սկանդալային պայմաններում ավարտեց ելույթները: Հնդկաստանի հավաքականի հետ մեր հավաքականի առաջին հանդիպման ժամանակ վթարվեց Chess.com սերվերը, որի հետևանքով Հայկ Մարտիրոսյանը ոչ -ոքի դիրքում հետաձգեց պատասխան քայլը և պարտվեց: Հնդիկները հաղթեցին 3,5: 2,5 հաշվով, իսկ ՖԻԴԵ-ն մերժեց մեր ֆեդերացիայի բողոքը՝ պնդելով, որ ձախողումը եղել է հարթակի մեղքով, այլ ոչ թե համացանցի հետ կապված խնդիրների պատճառով: Ի նշան բողոքի՝ մեր թիմը հրաժարվեց պատասխան հանդիպումն անցկացնել և դուրս մնաց հետագա պայքարից: