Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով:
Մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարավ 4 հաղթանակ և դարձավ ոսկե մեդալակիր:
Նախքան եզրափակիչ գոտեմարտերը, հայ ըմբիշը մրցակիցների նկատմամբ բացարձակ առավելության է հասել վճռորոշ գոտեմարտում, 11:7 հաշվով հաղթանակ տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի նկատմամբ:
130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովասափյանը նվաճել է բրոնզե մեդալ: Նոյեմբերի 3-ին բրոնզե մեդալի համար պայքարում էր նաև 82 կգ քաշային Արման Վարդումյանը, սակայն վճռորոշ գոտեմարտում նա պարտվեց: Այսպիսով՝ մեր 9 ըմբիշներից մեդալներ նվաճեցին 2-ը: Մինչ այդ, դարձյալ 9 ըմբիշներով աշխարհի առաջնությանը մասնակցած մեր ազատ ոճայինների հավաքականն անհաջող էր հանդես եկել՝ չնվաճելով ոչ մի մեդալ: