Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ավագ Էդին Ջեկոն Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին հարցին ի պատասխան, Էդին Ջեկոն նշել է, որ հույս ունի, որ Մխիթարյանը վաղը կայանալիք հանդիպմանը չի ցուցադրի իր խաղամակարդակը: Նրա խոսքով՝ Մխիթարյանը դժվարություններ չի ունենա իտալական Սերիա Ա-ում, թեպետ Անգլիայում ֆուտբոլն ավելի դինամիկ է:
Ջեկոն շեշտեց, որ Հայաստանի ընտրանին լավ է գործում պաշտպանությունում և ուժեղ է հակագրոհների ժամանակ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային:
Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:
Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: