Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանան ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցումները։ Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարելու են Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ առաջնությունից ակնկալիքները մեծ են. «Բոլոր ըմբիշները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, տղաները վնասվածքներ չունեն, այնպես որ՝ լավ մասնակցության ակնկալիքներ ունենք, մնացածը գորգը ցույց կտա»:
Եվրոպայի առաջնությանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվի, սակայն, այս ստուգատեսի արդյունքները Հ. Կուրղինյանը հաշվի կառնի հաջորդիվ կայանալիք վարկանիշային մրցաշարերի կազմ ընտրելիս: Թեև այս պահին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր չունի, սակայն մարզիչը հույս ունի՝ կհաջողվի 2-3 ուղեգիր նվաճել: