Դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթեց Մոսկվայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
15 տուրից հետո Կարլսենը վաստակել է 11,5 միավոր՝ ամբողջ մրցաշարի ընթացքում պարտություն չկրելով։ Երկրորդ տեղը զբաղեցրել Է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (10,5), որը հանդես է գալիս շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) դրոշի ներքո։ Նա լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցել ամերիկացի Հիկարու Նակամուրայից և ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևից, որոնք նույնպես վաստակել են 10,5-ական միավոր: 29-ամյա Կարլսենը դարձել է արագ շախմատի աշխարհի եռակի չեմպիոն, նա ևս 4 անգամ լավագույնն է ճանաչվել կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում: Նա դարձավ շախմատի աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը (երեք կատեգորիաներում ՝ դասական շախմատ, արագ և բլից) ։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 10 միավորով գրավեց 5-րդ տեղը։ Այս մրցաշարում Արոնյանը պարտվեց միայն Կարլսենին, որի հետ մրցեց 12-րդ տուրում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 9,5 միավորով գրավեց 18-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը վաստակեց 8,5 միավոր և 54-րդն է, Զավեն Անդրիասյանը 8 միավորով 71-րդն է, Մանուել Պետրոսյանը 8 միավորով զբաղեցրեց 75-րդ, Արման Փաշիկյանը 7,5 միավորով 108-րդն է, Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով 161-րդն է։