ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են «5+1» ձևաչափով վերսկսել իրենց մասնակցությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը:
Մասնավորապես, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ԱՄՆ նախագահը նշել է.
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք վերսկսել մեր մասնակցությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ «5+1» ձևաչափով: Մենք պետք է լուծենք նաև Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործունեության հետ կապված հարցերը: Մենք մտադիր ենք սերտորեն համագործակցել մեր եվրոպացի և այլ գործընկերների հետ»,-շեշտադրել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ այդ երկրները շահագրգռված են Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կոնսուլտացիաներին: