Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինին, որը պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի շրջապատում առանցքային դեմքերից մեկն էր, հաղորդում է Yeni Safak թերթը:
Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր դատախազությունը հայտնել էր Ալ Բաղդադիի 25 հարազատների ձերբակալման մասին։
Գործողությունը իրականացվել է թուրքական ոստիկանության և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների համատեղ ջանքերով Ստամբուլի Աթաշեհիր շրջանում։
Գրոհայինը, որին երկար ժամանակ հսկում էին, ձերբակալվել է տնից դուրս գալուց անմիջապես հետո։ Ոստիկանությունը խուզարկություն է կատարել այն բնակարանում, որտեղ բնակվում էր ձերբակալվածը, և առգրավել բջջային հեռախոսները, թվային նյութերը և լուսանկարները, որի վրա գրոհայինը պատկերված է բարձրացրած սրով:
Ահաբեկիչը, որը երեք տարի առաջ կեղծ փաստաթղթերով մուտք է գործել Թուրքիա և այդ ամբողջ ընթացքում եղել է Ինտերպոլի կարմիր տեղեկագրում, պատասխանատու է եղել խմբավորման ռազմական ենթակառուցվածքի համար և 2014 թվականից ի վեր ներգրավված է եղել Սիրիայում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչություններում, ինչպես նաև զբաղվել է զինյալների ուսուցմամբ:
Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի հատուկ գործողության արդյունքում ԻՊ-ի նախկին պարագլուխ ալ Բաղդադիի ոչնչացման մասին 2019 թվականի հոկտեմբերին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին ալ Բաղդադիի ոչնչացմանն աջակցելու համար։