Ռուսաստանը կողմ է, որպեսզի հումանիտար նշանակություն ունեցող բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որևէ նախապայմանների։
Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմն Ադրբեջանին երբ կտրամադրի ականապատված դաշտերի քարտեզները։
«Նկատի ունեմ և՛ զոհվածների մարմինների վերադարձը, և՛ անհայտ կորածների ճակատագրին առնչվող հարցերը, և՛ ռազմագերիների վերադարձը, և՛ ականների հետ կապված խնդիրների կարգավորումը։ Մենք այդ հարցը քննարկել ենք մի քանի օր առաջ՝ Երևանում։ Տպավորություն ստացա, որ Հայաստանի ղեկավարությունը ըմբռնումով է մոտենում այդ խնդիրը լուծելու անհրաժեշտությանը», – նշել Է Լավրովը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը կարագացվի։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բաքու։ Մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: