Վրաստանի Դմանիսի շրջանում, որտեղ գերակշռում են ադրբեջանցիները, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:
Ինչպես հայտնում է APA-ի վրացական բյուրոն, վկայակոչելով տեղի բնակիչներին, միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 9-ին, ժամը 17։00-ի սահմաններում:
Բնակիչների խոսքով՝ էթնիկ սվանների մի խումբ մոտեցել է ադրբեջանցի գործարար Գաշամ Շամիլովի խանութին և հարձակվել նրա, ինչպես նաև մոտակայքում գտնվող երիտասարդ ադրբեջանցիների վրա:
Միջադեպի հետևանքով մի քանի մարդ ծանր վիրավորվել է: Ըստ Շամիլովի, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ նա հրաժարվել է ապառիկ ապրանքը վաճառել սվաններին:
Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի հետաքննություն է սկսել: