Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ հրաժարվում է Շուշի քաղաքում դպրոցի կառուցման նախագծից:
Այս մասին հայտնել Է կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Twitter-ում։ Իր գրառման մեջ նա նշել է, որ նախագծի համար հավաքված միջոցները կվերադարձվեն:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ այդ նախաձեռնությունից հրաժարվելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
Նրա խոսքով՝ առաջարկվել է աշխատանքային քննարկումներ անցկացնել մասնագետների մակարդակով՝ դպրոցի շենքի նախագիծը քաղաքի ճարտարապետական ինքնատիպ ոճին համապատասխանեցնելու նպատակով:
Հաջիևը վստահություն է հայտնել, որ տեխնիկական հարցերը կքննարկվեն աշխատանքային մակարդակում փոխըմբռնման մթնոլորտում, և դպրոցի շինարարությունը մոտ ժամանակներս կսկսվի:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը երախտագիտությամբ է ընդունել դպրոցի կառուցման նախաձեռնությունը: