Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիներին Հայաստանին վերադարձնելու գործընթացին: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացու: Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել հումանիտար հարցերի լուծմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ողջունում է հարեւան երկրների այս որոշումը, որը, ըստ նրա, պետք է տարածաշրջանում լարվածության նվազեցման և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտի ստեղծման հիմքեր դնի:
Իր հերթին Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաղորդել Է, որ 15 զինվորականների փոխանցման հարցի շուրջ Վրաստանը վերջին 2-3 ամիսներն աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Զալկալիանին նաև հավելել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ ՝ արդյունքի հասնելու համար:
«Վարչապետն աշխատել է 24-ժամյա ռեժիմով և անձամբ մասնակցել է մեր բանակցություններին: Պատվիրակությունը, որը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, մի քանի օր առաջ հյուրընկալվեց Թբիլիսիում։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը տարածաշրջանայից այցի շրջանակում եղել է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Հետո կրկին վերադարձել է Թբիլիսի և բանակցություններն արդեն այստեղ են շարունակվել»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստան էին վերադարձվել 15 հայ գերիներ։ Գերիներին վերադարձնելու դիմաց Հայաստանն ադրբեջանին է փոխանցել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: