Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Գյանջայի զինդատախազության կողմից Ղումաշյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 120.2.1 («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն»), 120.2.7 («երկու կամ ավելի անձանց սպանություն»), 120.2.12 («ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով կանխամտածված սպանություն») հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննության առիթ է դարձել հարցազրույցը, որը Ղումաշյանը տվել է «Նոյան Տապան» պարբերականին։ Դրանում պահեստազորի սպան պատմել է, որ իր ղեկավարությամբ Լաչինի և Քարվաճառի շրջաններում ականապատվել է շուրջ 500-600 հա տարածք, իսկ ականների տեղափոխման համար պահանջվել է 17 բեռնատար:
«Ղումաշյանի արտահայտած տեղեկատվությունը չի հերքվել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, նրա խոսքերին պաշտոնական արձագանք չի եղել։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ իր նշած փաստերը տեղի են ունեցել։ Վերջին շրջանում Լաչինի և Քարվաճառի շրջաններում ականի վրա տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել, նույնպես հաստատում են մեղադրյալի արած հայտարարությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ: