Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։
Շենթոփի խոսքով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։
Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության արդարադատության դատարան էին դիմել երկու մուսուլման կանայք, որոնց գործատուները արգելել էին աշխատավայրում գլխաշոր կրել։ Դատարանը վճռել էր, որ որոշակի պայմաններում գործատուները կարող են պահանջել աշխատակիցներից չկրել կրոնական կամ քաղաքական տեսակետներ արտահայտող խորհրդանիշներ, տվյալ դեպքում՝ մուսուլմանական գլխաշորեր։
Եվրադատարանն առաջնորդվել է այն սկզբունքով, որ գործատուները ցանկանում են իրենց հաճախորդներին ներկայանալ չեզոք դիքերից՝ առանց որևէ կրոնական, քաղաքական կամ այլ նախասիրություն ցուցադրելու կամ պարտադրելու։
Հայտնի է նաև, որ դատարան դիմած կանանցից մեկի գործատուն ավելի վաղ արգելել էր մեկ այլ աշխատակցի խաչի տեսքով կախազարդ կրել աշխատավայրում։