Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, սակայն այդ հարցով պաշտոնական Երևանից պատասխանը չի ստացել։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի CNN Türk-ին տված հարցազրույցը։
Ինչպես նշում է աղբյուրը, Ալիևը նաև նշել է, որ երկարատև խաղաղության ստորագրումն ու հաստատումը բխում է Հայաստանի շահերից:
Այդ երկրի նախագահն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և այդ ձևաչափի աշխատանքը գնահատել զրոյական։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր», – նշել է նա։
Ալիևն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող անձանց դիմաց հայկական կողմից Բաքվին հանձնված քարտեզների հարցին: Նրա խոսքով՝ հայկական ականադաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմում է 25%։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Մոսկվայից սպասում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարմանը: Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը, որպես հայտարարություն ստորագրած կողմ, չի կատարել պայմանավորվածությունների բոլոր կետերը։
Բաքուն մտահոգված է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Հայաստան ռուսական զենքի մատակարարումները սկսելու մասին հայտարարությամբ։
Ալիեւի խոսքով ՝ Ռուսաստանից ադրբեջանական կողմի ակնկալիքները «նրանում են», որ կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: Նա հայտարարել է, որ «այդ դրույթների մեծ մասն արդեն իրականացվել է, բայց կան որոշ հարցեր, որոնք դեռեւս բաց են մնում»: