Ցուցարարները հունվարի 10-ին Աբխազիայի նախագահի վարչակազմի շենքում զենքի են տիրացել: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Կիլբան։
«Բացվել է զենքի պահպանման սենյակը, գրեթե բոլոր կաբինետները բացվել են։ Որոշակի քանակությամբ զենք, որը նրանք հանել են այնտեղից, մեր տվյալներով, գտնվում է նրանց ձեռքերում», – ասել է ԱԽ քարտուղարը։
Կիլբան նաև հայտնել է, որ որոշ անձանց մոտ զենք է եղել ՝ նախագահի վարչակազմի շենքի երեկվա գրոհի ժամանակ, սակայն այն չեն կիրառել: Նա հավելել է, որ անկարգությունների պատճառով Աբխազիայի նախագահի վարչակազմի շենքում տուժել է ոչ ավելի, քան յոթ մարդ:
Հիշեցնենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 9-ին:
Հենց այդ օրը նշանակված էր տեղի Գերագույն դատարանի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախկին թեկնածու Ալխան Կվիցինիայի բողոքը:
Ցուցարարները հավատում են, որ նախագահ Ռաուլ Խաջիմբան վերջին ընտրություններում չի ստացել մեծամասնության ձայներ: Ակցիայի մասնակիցները կոտրել են նախագահի աշխատակազմի դուռը, պահակը նրանց դեմ ուժ է գործադրել: Աբխազիայի նախագահի վարչակազմը իրադարձությունը անվանել է հեղաշրջման փորձ: