Վաշինգտոնի Արաբական կենտրոնի գիտաշխատող Ջո Մակարոնը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշումների ընդունմանը, նշում է, որ վերջիններս չեն կարող որևէ ազդդեցություն գործել ԱՄՆ-Թուրքիա այժմյան հարաբերությունների վրա։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և պատժամիջոցների մասին օրինագծերն արտացոլում են առկա հակաթուրքական տրամադրությունները Կոնգրեսում և ընդհանրապես Վաշինգտոնում քաղաքական վերնախավի շրջանում։ Սակայն դա չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների ներկայիս վիճակի վրա, քանի որ սովորաբար արտաքին քաղաքականության կուրսը որոշում է Սպիտակ տունը (կառավարությունը)», – կարծում է նա։
Փորձագետը նշում է, որ այս ամիս սպասվելիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի նախաշեմին Կոնգրեսն այսպիսով ճնշում է գործադրում Սպիտակ տան վրա։
Նա հավելում է, որ խորհրդարանում կա կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Սիրիայում ռազմական գործողությունները ստացել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թույլտվությունը։
«Թեև ԱՄՆ -ի և Թուրքիայի շահերը սկզբունքորեն հակասում են միմյանց, նրանց ոչինչ չի մնում, քան պայմանավորվել միմյանց հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին Սիրիան է, և այս պահին նրանք կարող են ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, եթե նրանց երկկողմ հարաբերությունները քանդվեն», – հավելել է փորձագետը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Կոնգրեսի ստորին պալատը նաև պաշտպանել է Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին օրինագիծը՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի կողմից ռազմական գործողության անցկացման և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: