Ռուսաստանի և այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կողմերին մշտապես կառուցողական մոտեցման կոչ է արել։
Անդրադառնալով կողմերի ապակառուցողական քաղաքականության մասին դիտարկումներին՝ Զախարովան նշել է․
«Կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող և չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները: Մենք կատարում ենք մեր դերը, ինչպես մենք ենք կարծում, առավելագույնս կառուցողական, և բոլորին կառուցողական աշխատանքի և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով համաձայնեցված ձևակերպումների և փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև գործընթացն առաջ տանելու օրակարգը»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի «Արցախը Ադրբեջան է և վերջ բացականչական նշան» հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․
«Ես Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չեմ և չեմ կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել: Իսկ մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երևանի և Բաքվի՝ ղարաբաղյան կարգավորման թեմայով»:
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համաձայնեցված փաստաթղթերով։