Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համատեղ հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը հնարավորություն կտա ավելացնել համայնքների ֆինանսական մուտքերը:
Սահմանվում է, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում՝ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապահային հարկի փոխարեն յունաքանչյուր 1 քմ-ի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին համապատասխան։
Օրինագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մանրամասնեց, որ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 25 %-ի չափով:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձանագրեց, որ սա նշանակում է համայնքների ֆինանսական եկամուտների ավելացում:
Արմեն Սիմոնյանն էլ պատասխանեց, որ բնակավայրերի միջով անցնող հատվածներում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվության լիազորությունը տալիս են համայնքներին։ Այսպիսով, համայնքները նոր լիազորություններ կստանան և նոր մուտքեր կապահովեն:
Հիշեցնենք, որ առաջարկվող կարգավորումն արդեն իսկ մայրաքաղաքում գործում է։