«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրաբերությունը կառավարությանը հնարավորություն է ընձեռել այս տարվա պետբյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադարնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:
«Այդ նվիրաբերությունները կատարվել են հետևյալ տրամաբանությամբ․ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ գումարները հաշվետվություն տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Ֆինանսների նախարարի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումաների մի մասը տրամադրվել էր Կառավարությանը։ Ըստ փոխվարչապետի՝ գումարները կենտրոնացրել են մեկ տեղում, որպեսզի հետագայում կարողանան դրանք ճիշտ կառավարել։ Սա քննադատությունների ու տարբեր շահարկումների տեղիք էր տվել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր հեթին հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է փոխանցված միջոցների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի, և այդ նպատակով դիմել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին։