Մեզ պետք է բյուջեի նոր նախագիծ։ ԱԺ-ում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ հայտարարելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է քվեարկելու եկող տարվա բյուջեի նախագծին։
Պատգամավորի համոզմամբ՝ 2021 թվականի բյուջեն չի համապատասխանում տնտեսությունում առկա մարտահրավերներին։
«2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է մինչ Արցախյան պատերազմը, նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշների վերանայման դեպքում, չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ 2020 թվականը աղետալի էր մեր երկրի տնտեսության համար։ Կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաուններն» ունեցան տնտեսական լուրջ հետևանքներ։ Նվազեց տնտեսական ակտիվությունը։ Փոխվեց նաև ծախսերի կառուցվածքը։ Այս անկայունության պայմաններում չենք կարող խոսել տնտեսության և արդյունաբերության արդիականացման մասին։ Մեր երկրին անվտանգային նոր ռազմավարություն է պետք, իսկ լուծումը անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումն է»,- պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները մատնանշեց պատգամավորը։
Արկադի Խաչատրյանը հավելեց, որ անհրաժեշտ տնտեսական միջոցառումները պետք է իրականացվեն շատ արագ, իսկ ծախսերը պետք է ուղղվեն խիստ արդյունավետ ոլորտներին։ Նա կոչ արեց ձգել գոտիները։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն, ի պատասխան հնչող քննադատությունների, ասաց, որ եկող տարվա բյուջեն կազմվել է մինչև Արցախյան պատերազմը և դրա հետևանքով առաջացած ծախսերը հաշվի չեն առել։