Ինչ այսօր տեղի է ունենում արտարժույթի շուկայում ՝ պայմանավորված է Հայաստանում առկա անորոշություններով:
Այս մասին ԱԺ-ում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի՝ դրամի արժեզրկման մասին հարցին։
Նա դրամի արժեզրկումը կառավարելի է համարում։
«Մենք հետևում ենք այդ գործընթացին, բայց, ինչպես գիտեք, փոխարժեքի կառավարումը ԿԲ-ի հիմնական խնդիրը չէ, և մենք առաջնորդվում ենք գների և ֆինանսական կայունության ապահովման առաջնորդությամբ: Արտարժույթի որոշակի տատանումները, մեր գնահատմամբ, կարող են ռիսկեր առաջացնել ֆինանսական կայունության ապահովման մասով։ Մենք, բնականաբար, մեր ողջ գործիքակազմը կներդնենք և ունակ ենք ներդնելու, որպեսզի վիճակը կայունանա»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ ԿԲ-ում լինելու է նիստ` տոկոսադրույքի վերաֆինանսավորման հարցով։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո ՀՀ դրամն անկում է ապրում։
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Նահապետյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
Դավիթ Նահապետյանը ԿԲ-ում աշխատում է 2006թ-ից մինչ այսօր։