Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դենմեզը և Փյարվիզ Շահբազովը Անկարայում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Թուրքիայից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ, հաղորդում է РИА новости-ն:
«Թուրքիա-Նախիջևան գազամուղը կկառուցվի ի շարունակություն Իգդիր քաղաք տանող գազատարի, որը TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելքի կետն է։ Այն սկզբնավորվելու է Իգդիրում և վերջանալու է Սադարակում, թուրքական մասը կազմելու է 85 կմ», – ասել է Դենմեզը։
Նրա խոսքով գազամուղով գազի մատակարարումները պլանավորվում են տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ծավալով, գազատարի թողունակությունը՝ օրական մեկուկես միլիոն խորանարդ մետր կլինի:
Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գործարկման պաշտոնական արարողությունը Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնե քաղաքում:
Ադրբեջանի նախագահն այդ օրը անվանել է «պատմական» և հույս հայտնել, որ TANAP-ը «օգուտ կբերի ինչպես Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես էլ հարևան այլ երկրներին»: Էրդողանն էլ իր հերթին TANAP-ի կառուցման նախագիծը Անկարայի և Բաքվի միջև պատմական բարեկամության խորհրդանիշ է անվանել։