ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ 6 ամիս ժամկետով։
Մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները, ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։
Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
ՊԵԿ-ը տնտեսվարողներին զգուշացնում է, որ ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ՝ ներառյալ ֆիզիկական զննում, որն իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։