ԱԺ-ն հաստատեց ««Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Համաձայնագրի վավերացումը թույլ է տալիս ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և նպաստում է միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին: Փաստաթղթի վավերացմամբ նախատեսվում է մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ լիագումար նիստին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է «Մեծամոր» ԱԷԿ-ի միջուկային թափոնների հետագա հարստացման հարցին։ Նա նշել է, որ 1.5 տարի առաջ իր գլխավորությամբ ԱԺ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը հատուկ նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարվել են անվտանգության նկատառումներով միջուկային թափոնների հետագա օգտագործման հարցեր։ Նա նաև կարևորել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։